ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 8-10-ը (Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի ժամանակ) Երևանում օդի աղտոտվածությունը զգալիորեն գերազանցել է 2024 թվականի նույն օրերի ցուցանիշները։ Այս մասին են վկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները, որոնք ստացվել են Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք և Շենգավիթ շրջաններում տեղակայված անշարժ կետերից օդի վերլուծության հիման վրա։
Օգոստոսի 7-10-ը դիտվել է փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցում մինչև 2,1 անգամ Կենտրոնում, մինչև 1,9 անգամ՝ Արաբկիրում, մինչև 1,5 անգամ՝ Նոր Նորքում և մինչև 1,4 անգամ՝ Շենգավիթում:
Մեկ տարի առաջ՝ 2024–ի օգոստոսի 8-9-ը, փոշու վրա ՍԹԿ-ի գերազանցումներ գրեթե չեն նկատվել (միայն Կենտրոնում աննշան գերազանցումներ էին արձանագրվել)։ Օգոստոսի 10 – ին նկատվել էր 1.3 անգամ գերազանցում Նոր Նորքում և ավելի քան երկու անգամ՝ Կենտրոնում և Շենգավիթում:
Ինչ վերաբերում է ազոտի երկօքսիդին՝ ս․թ․ օգոստոսի առաջին տասնօրյակում կենտրոնում նկատվել է մինչև 2,1 անգամ գերազանցում, Նոր Նորքում՝ մինչև 1,3 անգամ, Արաբկիրում՝ գրեթե չի նկատվել (մինչև 1,02 անգամ), Շենգավիթում չի նկատվել:
Նուբարաշենի աղբավայրի տարածքում տեղակայված տվիչների տվյալներով՝ օգոստոսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի ավելցուկ չի նկատվել, իսկ ծծմբի երկօքսիդի ավելցուկ նկատվել է միայն մեկ տեղամասում (1,2 անգամ), մինչդեռ Շենգավիթի շրջանում՝ մինչև 2,1 անգամ, Ավանում՝ մինչև 1,4 անգամ, Նոր Նորքում՝ մինչև 1,2 անգամ:
2024 թվականի նույն օրերին ծծմբի և ազոտի երկօքսիդի քանակի գերազանցումներ չեն նկատվել։