Ալյասկայի Անքորիջ քաղաքի երկինքը կփակվի Թրամփի և Պուտինի հանդիպման օրը

Սահմանափակումը կտևի միայն մեկ օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ավիացիոն իշխանությունները օգոստոսի 15-ին կփակեն Ալյասկայի Անքորիջ քաղաքի երկինքը, երբ նահանգում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Քաղավիացիայի դաշնային վարչությանը (FAA)։
Համաձայն «Ալյասկայի Անքորիջ քաղաքում VIP անձանց տեղաշարժի մասին ծանուցման»՝ ԱՄՆ իշխանությունները կփակեն այդ նահանգի ամենամեծ քաղաքի երկինքը30 մղոն (48.3 կմ) շառավղով և մինչև 18 հազար ֆուտ (գրեթե 5.5 հազար մետր) բարձրության վրա։
Նշվում է, որ սահմանափակումը կտևի մեկ օր՝ ուրբաթ օրը։
Ավելի վաղ Կրեմլը և Սպիտակ տունը հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Ինչպես պարզաբանել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը Ռուսաստան կատարած այցի ժամանակ Կրեմլում խոսել է Պուտին, Թրամփ և Վլադիմիր Զելենսկի եռակողմ հանդիպման հնարավորության մասին, սակայն ռուսական կողմը դա չի մեկնաբանել՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա:
Պուտինը ավելի ուշ նշել է, որ Զելենսկու հետ իր հանդիպումը հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է պայմաններ լինեն, որոնց հասնելու համար դեռ շատ ժամանակ կա։