Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններն են քննարկել Միրզոյանն ու Լավրովը

Դիվանագետները նաև անդրադարձել են ՀՀ–ի և ՌԴ–ի միջև երկկողմ համագործակցության հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
«Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանգրվանի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորանքի և աջակցության համար», – ասված է հայտարարությունում։
Դիվանագետները նաև անդրադարձել են ՀՀ–ի և ՌԴ–ի միջև երկկողմ համագործակցության հարցերին։ Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է Երևանի և Բաքվի կայուն խաղաղության կարևորությունը՝ եռակողմ պայմանավորվածությունների համատեքստում։
«Մոսկվան այսուհետ ևս պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։