ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է տեղադրել Բարաք Օբամայի դիմանկարը Սպիտակ տան աստիճանների վերին հարթակում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Սպիտակ տան արարողակարգի և ձևավորված ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ վերջին նախագահների դիմանկարները պետք է տեղադրվեն ամենաերևացող տեղում՝ նստավայրի մուտքի մոտ, որպեսզի դրանք կարողանան տեսնել հյուրերը պաշտոնական միջոցառումների ժամանակ և այցելուները` էքսկուրսիաների ժամանակ։
Աղբյուրի խոսքով՝ այժմ Օբամայի դիմանկարը կախված է Սպիտակ տան` առաջին և երկրորդ հարկերը միացնող աստիճանների վերին հատվածի անկյունում։ Այս տարածք մուտքը խստորեն սահմանափակված է, այնտեղ կարող են մտնել միայն նախագահի ընտանիքի անդամները, ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները և սահմանափակ թվով աշխատակիցներ։
Նախկին նախագահ կրտսեր Ջորջ Բուշի և նրա հոր՝ ավագ Ջորջ Բուշի դիմանկարները, որոնց հետ Թրամփը լարված հարաբերություններ ուներ, նույնպես տեղափոխվել են։ Նախկին նախագահ Ջո Բայդենի դիմանկարը, որին Թրամփը պարտվեց 2020 թվականի ընտրություններում, դեռ պատրաստ չէ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը ընտրություններին ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը դարձավ ավելի քան 120 տարվա ընթացքում առաջին նախագահը, որը չէր կարողացել վերընտրվել երկրորդ ժամկետով, սակայն հետո կրկին առաջադրվել է և հաղթել։ 19-րդ դարում դա հաջողվել էր 22-րդ և 24-րդ նախագահ Գրովեր Քլիվլենդին։