ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Աշնանը Հայաստանում քաղաքական վերադասավորումների փուլ է սպասվում, կլինեն նաև նոր ռեպրեսիաներ և ձերբակալություններ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս կանխատեսումն արեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Ըստ նրա՝ վերադասավորումներ կլինեն ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության շարքերում։ Օրինակ` իշխանությունը կփորձի ներսում վերջին ֆիլտրումներն անել։ Սուրենյանցը կարծում է, որ կլինեն կադրային փոփոխություններ։ Ընդդիմադիր դաշտում ևս կլինեն վերադասավորումներ, գուցե նոր դաշինքներ ձևավորվեն։ Քաղաքական վերլուծաբանի խոսքով` աշնանն արդեն կուրվագծվեն այն 4-5 հիմնական ուժերը, որոնք հայտ կներկայացնեն խորհրդարանական ընտրություններում։
Սուրենյանցը գրեթե բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը, կարծում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ավելի շուտ հերթական ընտրությունների են նախապատրաստվում։
Սուրենյանցի կարծիքով՝ ընդդիմության ծանրակշիռ ուժերն են լինելու երկրորդ և երրորդ նախագահների թիմերը, Սամվել Կարապետյանի ձևավորած նոր ուժը։ Շեշտեց՝ հիմա իրենց ուժը ևս քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում, հնարավոր է՝ նոր դաշինք ձևավորվի։ Ակնկալում է, որ ընդդիմադիր դաշտում լայն կոնսոլիդացիա կլինի։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնպիսի վտանգավոր հանգրվանի է տարել երկիրը, որ հիմա չեմ բացառում, որ համընդհանուր ընդդիմադիր կոնսոլիդացիայի հնարավորություն կլինի։ Դա կլինի ամենաարդյունավետ ճանապարհը»,- ասաց Սուրենյանցը։
Այլ հարց է, թե հատկապես երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները արդյոք կկարողանան վերջ տալ «տգեղ գզվռտոցին» և միավորվել։ Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ ընդդիմության գլխավոր խնդիրը պետք է լինի անկախության շարժում ձևավորելը, որի նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը գոնե տարածքային այս պարամետրերով փրկելը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։