ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Իրանում «Թրամփի ուղի» նախագծի հնարավոր վտանգների շուրջ կարծիքները տարբեր են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը։ Նա նշեց, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումը կոշտ է՝ նրանք ընդգծում են երկրի ազգային անվտանգության և տարածաշրջանային շահերին ուղղակի վնասները։ Մինչդեռ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգներն «ուռճացված» են որակում։
««Թրամփի ուղին» հենց «Զանգեզուրի միջանցքն» է։ Նախագահ Փեզեշքիանը բավական մեղմ է մոտենում այս հարցին և վտանգները ուռճացված է համարում։ Այս երկվությունը վկայում է, որ նախագահը և իր շրջապատը, մեղմ ասած, չեն ընկալում համաձայնագրի տակ թաքնված սպառնալիքները», – ասաց նա։
Շահնազարյանը համակարծիք է մտքի հետ, որ նախագահի թիմը հավատում է ԱՄՆ-ի հետ խնդիրները բանակցություններով լուծելու հնարավորությանը։ Ըստ նրա՝ նման մոտեցում դեռ 12-օրյա պատերազմից (Իսրայել–Իրան) հետո էր առկա։
Նա ընդգծում է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը երբեք դիվանագիտական գործիք բանակցությունից չի հրաժարվել, բայց միշտ շեշտել է, որ բանակցությունները պետք է վարել ուժի դիրքերից և Իրանի կարմիր գծերի հստակ պահպանմամբ։
Շահնազարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թե՛ նախագահ Փեզեշքիանի, թե՛ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի թիմերում շատ են ադրբեջանամետ փորձագետները, և նրանց տեսակետներն անմիջականորեն ազդում են նախագահի դիրքորոշման վրա։
Այս ամենով հանդերձ, սակայն, առաջնայինը երկրի հոգևոր գերագույն առաջնորդի խոսքն է. Իրանում նախադեպ չկա, որ կառավարությունն անցնի առաջնորդի սահմանած կարմիր գծերը։ Իրանում վերջին խոսքը գերագույն հոգևոր առաջնորդին է պատկանում։
«Փեզեշքիան–Փաշինյան հեռախոսազանգից հետո ուշադրություն եմ դարձրել իրանական կողմի հրապարակումներին, որտեղ նախագահն արդեն հայտարարել է, որ պետք է հաշվի առնվեն Իրանի հետ կապված բոլոր մտահոգությունները։ Կարծում եմ` սա նշանակում է, որ նա փորձում է որոշակիորեն սրբագրել իր նախկին հայտարարությունները, թե միջանցքի կամ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հետ կապված մտահոգությունները տեղին չեն ու ուռճացված են», – մանրամասնեց նա։
Անդրադառնալով Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցին՝ Շահնազարյանը նշեց, որ այս պահին Իրանում այցի հետ կապված հատուկ հայտարարություններ չկան, սակայն փորձագիտական շրջանակների մեծամասնությունը կոշտ է արձագանքել նախագահի մեղմ դիրքորոշմանը։ Ըստ նրա՝ Իրանում գերակշռող կարծիքն այն է, որ համաձայնագրի նպատակն է սահմանափակել Իրանի դերը Հարավային Կովկասում, կտրել նրա կապը Ռուսաստանի հետ, և ՆԱՏՕ-ի ու այլ արևմտյան ուժերի ներկայությունը հասցնել Իրանի անմիջական սահմաններին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։