Ինչու Փաշինյանը չի գնա արտահերթ ընտրությունների, կամ ինչ նոր «թունավոր պրյանիկներ» կլինեն

Սուրենյանցի կարծիքով՝ գարնանը Երևանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ևս մի հնարք է դառնալու իշխանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս աշնանը չի գնա արտահերթ ընտրությունների, թեպետ Վաշինգտոնում ստորագրված նոր խաղաթուղթ ունի ձեռքում, որով կարող է էլի մանիպուլացնել հասարակությանը։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Արձագանքելով այն դիտարկումներին, թե իշխանության վարկանիշը սրընթաց գահավիժում է, իսկ իբրև թե խաղաղություն բերող նոր փաստաթղթի ստորագրումը կարող էր իշխանությանն օգնել և վերարտադրության խնդիր լուծել՝ Սուրենյանցը քիչ հավանական է համարում։
«Այստեղ 2 շատ կարևոր «բայց» կա․ մեկն այն է, որ ես նկատել եմ՝ Վաշինգտոնի փաստաթղթերի էֆեկտը շատ մեծ չի, մեծ բում չեղավ հասարակության մեջ, ավելի շուտ իշխանությանը ժամանակ է պետք թերևս հասարակությանը համոզելու կամ շանտաժի ենթարկելու, որ եթե սա չլինի, պատերազմ կլինի։ Հետո մի՛ մոռացեք, որ արդեն միջազգային լեգիտիմության մակարդակով Ալիևը Փաշինյանի վզին փաթաթել է Սահմանադրության փոփոխության հարցը»,- ասաց Սուրենյանցը։
Վստահ է, որ Սահմանադրության փոփոխության համար հանրաքվեն դրական ելքով ավարտելու որևէ հնարավորություն իշխանությունը չունի։ Կարծում է՝ իշխանությանն անհրաժեշտ ելքի համար օրենսդրական փոփոխություներ պետք է արվեն, որ հանրաքվեն մեկտեղվի խորհրդարանական ընտրությունների հետ։
Բացի այդ, գարնանը Փաշինյանը Բրյուսելից, այսպես ասած, նոր հնարք է ստանալու։ Խոսքը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին է, որը Երևանում է կայանալու, և, Սուրենյանցը կարծում է, Վաշինգտոնից ոչ պակաս էֆեկտ է ունենալու։
Տասնյակից ավելի եվրոպացի առաջնորդներ են Հայաստան ժամանելու։ Սուրենյանցը չի բացառում, որ հնարավոր է՝ Փաշինյանին հաջողվի անգամ Էրդողանին Հայաստան բերել։
«Փաշինյանը դեռ ռեսուրս ունի՝ ժողովրդին թունավոր «պրյանիկներ» մատուցելու համար»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։