Հունգարիան խոստանում է խափանել ԵՄ–ի` Պուտին–Թրամփ հանդիպմանը խոչընդոտելու փորձերը. Սիյարտո

Հունգարիան հետաքրքրված է գագաթնաժողովի հաջողությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԵՄ առաջնորդները փորձում են «խաթարել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ ՌԻԱ Նովոստին գրում է, որ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Ցավով նշում ենք, որ Եվրամիության քաղաքական գործիչները, որոնք պատերազմի կողմնակից են, փորձում են օգտագործել մինչև ուրբաթ մնացած օրերը՝ խափանելու խաղաղության ուղին և բացառելու Թրամփի և Պուտինի հանդիպման հաջողությունը։ Հունգարիան հետաքրքրված է գագաթնաժողովի հաջողությամբ։ Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք և կձեռնարկենք բոլոր միջոցները՝ կանխելու Բրյուսելի` գագաթնաժողովը խափանելու և դժվարացնելու բոլոր փորձերը»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Սիյարտոն։
Ավելի վաղ Կրեմլը և Սպիտակ տունը տեղեկացրել էին, որ Պուտինը և Թրամփն օգոստոսի 15–ին կհանդիպեն Ալյասկայում։ Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիկոֆը Ռուսաստան իր այցի ժամանակ Կրեմլում անդրադարձել է Պուտին-Թրամփ-Զելենսկի եռակողմ հանդիպման հնարավորությանը, սակայն ռուսական կողմն այն չի մեկնաբանել` առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա։
Թրամփը հայտարարել է, որ իր և Պուտինի հանդիպման համար պայման չի դրել ՌԴ-Ուկրաինա շփումները
Ինքը` Պուտինը, հայտնել է, որ Զելենսկու հետ հանդիպումը հնարավոր է, սակայն այդ բանակցությունների համար պայմաններ են անհրաժեշտ, որոնց ստեղծումը դեռ հեռու է իրականությունից։ Զելենսկին իր հերթին Թրամփի և Պուտինի հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ չի պատրաստվում տարածքային զիջումների գնալ։
«Wall Street Journal»-ն օգոստոսի 9-ին հայտնել է, որ եվրոպական երկրներն ու Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնք կարող են հիմք լինել Թրամփի և Պուտինի առաջիկա բանակցությունների համար։
Օգտակար և կառուցողական զրույց է եղել. Պուտինի և Ուիտկոֆի հանդիպման առաջին մանրամասները
Առաջարկությունն իր մեջ հրադադարի հասնելու պահանջ է ներառում` նախքան որևէ այլ քայլ ձեռնարկելը։ Կա կետ, ըստ որի` Կիևի տարածքային զիջումները պետք է պաշտպանված լինեն անվտանգության երաշխիքներով` ներառյալ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը։ Ըստ մի շարք եվրոպական առաջնորդների համատեղ հայտարարության՝ նրանք պատրաստ են ամերիկյան առաջնորդին դիվանագիտական աջակցություն տրամադրել, ինչպես նաև պատրաստ են նշանակալի ռազմական և ֆինանսական աջակցություն տալ Կիևին՝ կիրառելով պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ։