ՀՀ ներկայացուցիչները մեկնել են Սանկտ Պետերբուրգ՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների

Օգոստոսի 11-23-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ռուսաց լեզվի, այդ թվում՝ որպես օտար լեզվի դասավանդման ոլորտում մասնագետների որակավորման բարձրացման ծրագիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի երկու ներկայացուցիչներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ՝ ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների։ Այս մասին հաղորդում է Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Ըստ մամուլի ծառայության` օգոստոսի 11-23-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ռուսաց լեզվի (այդ թվում ռուսերենի՝ որպես օտար լեզվի) դասավանդման ոլորտում մասնագետների որակավորման բարձրացման ծրագիր:
«Հայաստանից դասընթացներին մասնակցում են «Հայաստանում 2024 թվականի լավագույն ռուսերենի ուսուցիչ» մանկավարժական վարպետության XV ազգային մրցույթի հաղթողները՝ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Անի Աղամալյանը և Ձորագյուղի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Գոհար Ոսկանյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դասընթացների կազմակերպիչներն են Ռոսսոտրուդնիչեստվոն, Սանկտ Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեն, «Ռուսական աշխարհ» հիմնադրամը: Հարթակը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լեզվի թեստավորման կենտրոնն է:
Անի Աղամալյանը և Գոհար Ոսկանյանը
Ծրագրին մասնակցում են ռուսաց լեզվի դասախոսներ Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, ԱՊՀ երկրներից, Ասիայից, Եվրոպայից և Լատինական Ամերիկայից: