Եվրոպան բավարար ուժ չի ունենա՝ աջակցելու Ուկրաինային. The Times

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու Եվրոպայի կարողությունը կախված է ԱՄՆ զենքի, զորքի մշտական մատակարարումներից և քաղաքական կամքից, նշում է բրիտանական թերթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Եվրոպայի ռազմական թուլությունը ակնհայտ է դառնում ԱՄՆ–ի կողմից պատերազմի ֆինանսավորման դադարեցմանը զուգահեռ, իսկ «ցանկացողների կոալիցիան» փորձում է բավարար զորք հավաքել ՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ Այս մասին գրում է բրիտանական The Times թերթը։
«Նույնիսկ եթե Եվրոպան անսասան մնա իր դիվանագիտական դիրքորոշման մեջ, այն բավարար ուժ չի ունենա՝ աջակցելու Կիևին ապագա խաղաղության համաձայնագրի համար բարենպաստ պայմաններով բանակցություններում կամ ապահովելու հրադադարի պահպանումը։ Եվրոպայի դիվանագիտական ջանքերը նշանակալի են, բայց առանց ռազմական աջակցության դրանք կարող են զուտ խորհրդանշական բնույթ կրել», – նշվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու Եվրոպայի կարողությունը կախված է ԱՄՆ զենքի, զորքի մշտական մատակարարումներից և քաղաքական կամքից։
Պարբերականը նաև կասկած է հայտնում, որ ԵՄ-ն կկարողանա բավարար քանակի խաղաղապահներ հավաքել` Ուկրաինա մտցնելու համար, նույնիսկ եթե Մոսկվան համաձայնի դրան։
Ինչպես գրում է «Times»-ը՝ այսպես կոչված «ցանկացողների կոալիցիան»՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած ուժերը, դժվար թե արդարացնեն Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի սկզբնական հույսերը՝ «տեղում» 64 000 զինծառայողի ներկայության վերաբերյալ։
«Ռուսաստանը 800 000 զինծառայող ունի։ Եթե մենք չենք կարող նույնիսկ 64 000 զինվոր հավաքել, դա ոչ թե թուլություն է թվում, այլ հենց թուլություն է», - պարբերականը մեջբերում է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեի խոսքերը։
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ այս տարվա հունիսին Եվրոպան առաջ անցավ ԱՄՆ–ից և դարձավ Ուկրաինային օգնության ամենամեծ մատակարարը՝ տրամադրելով ընդհանուր մոտ 72 մլրդ եվրո ռազմական աջակցություն Միացյալ Նահանգների 65 մլրդ եվրոյի համեմատ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ խանգարում են քաղաքական տարաձայնությունները և միասնական ռազմավարության բացակայությունը։