Թրամփը համոզված է, որ Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումն արժե գործադրվող ջանքերին․ Վենս

Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպումն արժե գործադրվող ջանքերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դոնալդ Թրամփն այսօր ինձ մասնավոր կարգով ասաց․ «Տես, գուցե դա աշխատի, գուցե ոչ, բայց արժե այդ ջանքը: Արժե փորձել»: Մենք կշարունակենք Միացյալ Նահանգների նախագահի դիվանագիտական ազդեցությունն օգտագործել այս հակամարտությանը վերջ դնելու համար»,-ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպումը:
Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ՌԴ կատարած այցի ժամանակ Կրեմլում հիշատակել է Պուտինի, Թրամփի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման տարբերակը, սակայն ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման վրա։
Պուտինը օգոստոսի 7-ին նշել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է, բայց նման բանակցությունների համար պետք է պայմաններ լինեն, որոնց ստեղծումը դեռ հեռու է։ Ինքը՝ Զելենսկին, Պուտինի և Թրամփի հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ տարածքային զիջումների չի գնա։