Թալիբները Քաբուլում փակում են կանանց գեղեցկության սրահները

Պորտալի տվյալներով` Քաբուլում գեղեցկության սրահներն արգելելու մասին որոշումից առաջ այդ ոլորտում աշխատում էր մոտ 60 հազար կին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Քաբուլում թալիբները զանգվածաբար փակում են կանանց գեղեցկության սրահները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tolo news պորտալին։
Պարբերականի տվյալներով` «շարունակելով կանանց նկատմամբ խիստ սահմանափակումները` Աֆղանստանի մայրաքաղաքում արգելվել է հարյուրավոր գեղեցկության սրահների աշխատանքը»:
«Ականատեսները հայտնում են, որ թալիբները, Քաբուլում շինությունների ստուգումներ անցկացնելով, հայտնաբերել են գեղեցկության սրահներ, ոչնչացրել դրանք կամ առգրավել են սարքավորումները։ Այս գործողությունները լուրջ հարված են հասցրել այս ոլորտում աշխատող կանանց տնտեսական կյանքին»,-նշում է Tolo news-ը։
Պորտալի տվյալներով` Քաբուլում գեղեցկության սրահներն արգելելու մասին որոշումից առաջ այնտեղ աշխատում էր մոտ 60 հազար կին։ Նրանցից շատերն իրենց ընտանիքների հիմնական կերակրողներն էին։
Վերլուծաբաններն այս քայլը համարում են հասարակական և տնտեսական կյանքից կանանց աստիճանաբար հեռացնելու թալիբների քաղաքականության մի մասը, գրում է պարբերականը:
«Պետությունը, որին ձգտում են թալիբները, կանանց ներկայության և գործունեության համար տեղ չի թողնում»,-ընդգծում է Tolo news-ը: