Նուբարաշենի հրդեհը դեռ չի մարվել. թանձր ծուխը խանգարում է աշխատել

Փրկարարները աշխատում են աղբավայրում 24-ժամյա ռեժիմով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում 2 օր առաջ բռնկված հրդեհ դեռ չի մարվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Երևանի քաղաքային աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։
Նա հիշեցրեց, որ մոտ 5 հա է այրվում, ինչը շատ մեծ տարածք է, երբեմն ինտենսիվ աշխատանքներին խանգարում է թանձր ծխածածկույթը։
«Հողային ու հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աշխատում են թե՛ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, թե՛ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները»,– ասաց նա։
Վահե Վարդապետյանը հավելեց, որ աշխատանքները կատարվում են շուրջօրյա ռեժիմով` մաքսիմալ ինտենսիվությամբ, բայց դժվարացավ պատասխանել, թե երբ հնարավոր կլինի արդյունքի հասնել։
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը բռնկվել է 2 օր առաջ` 1000 հեկտար տարածքում։