Ինչպես հայ լեգեոներները դարձան ֆրանսիական «մաքիներ». հայերը 2-րդ համաշխարհային պատերազմում

Լեհաստան ներխուժելուց մի քանի օր առաջ Հիտլերը հրամայեց գերմանական զորքերի ճանապարհին ոչնչացնել ոչ միայն լեհ զինվորներին, այլև խաղաղ բնակչությանը՝ հրամանն ուղեկցելով «Ի վերջո, ո՞վ է այսօր հիշում Թուրքիայում 1915-ին հայերի բնաջնջման մասին» խոսքերով։
Sputnik
Շատերին է հայտնի, որ Խորհրդային Հայաստանում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մի քանի ազգային դիվիզիա էր կազմավորվել, իսկ Վերմախտի կազմում հայ լեգեոներներ էին գործում, բայց քչերը գիտեն, որ հայերը գերմանական գերությունից և նացիստների մոտ հարկադիր ծառայությունից հետո զանգվածաբար միանում էին պարտիզաններին և կռվում Երրորդ ռեյխի դեմ։
Պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցը, շարունակելով «Առաջնագիծ-Հաղթանակ 80» ստեղծագործական շարքի նյութերը, Sputnik Արմենիային պատմել է, որ Վերմախտի հայկական գումարտակները չէին մասնակցում խոշոր մարտերին։ Ֆյուրերը կասկածում էր նրանց նվիրվածությանը։
Հայ լեգեոներները հաճախ էին մահից փրկում ֆաշիստական գերության մեջ հայտնված խորհրդային հրեաների։ Առհասարակ Կովկասյան կազմավորումների ստեղծումը Հիտլերը ռիսկային և վտանգավոր գործ էր համարում։ Նա համոզված էր, որ վրացիներին հատուկ է անկանխատեսելիությունը, իսկ հայերին պարզապես չէր վստահում։ Ընդ որում, թյուրքական-մահմեդական ժողովուրդների ներկայացուցիչներից կազմված գումարտակները նա համարում էր հավատարիմ և վստահելի։
Ստեփան Ստեփանյանց
Հայկական լեգեոնի մարտիկների թիվը, առավելագույն հաշվարկներով, 20 հազարը չէր գերազանցում։ Գերմանացիները նրանց ակտիվորեն օգտագործում էին որպես օժանդակ ուժ։ Բայց նույնիսկ առաջնագծից հեռու գտնվելով, նախկին հայ ռազմագերիները, Ռուսաստանից գաղթած հայերը և Թուրքիայից փրկված ու Եվրոպայում ապաստան գտած հայերը խորհրդային բանակի կողմն անցնելու ուղիներ էին փնտրում։ Օրինակ, 1943-ի սեպտեմբերին, Ժիտոմիրի շրջանի Պոտիևկա գյուղի համար մարտից մեկ օր առաջ, գրեթե 250 հոգանոց պահակախմբի մի ամբողջ զինված ստորաբաժանում անցավ պարտիզանների կողմը: Նրանց հիման վրա այնուհետև ձևավորվեց Միկոյանի անվան պարտիզանական ջոկատը։
«Կովկասի համար մղվող ճակատամարտի ժամանակ հայ լեգեոներները Ղրիմից հասան Պյատիգորսկ, իսկ հետո տեղափոխվեցին Եվրոպա՝ Ֆրանսիայի հարավ։ Այնտեղ նրանք անցան ֆրանսիացի պարտիզանների՝ մաքիների կողմը, և ստեղծեցին «Առաջին Խորհրդային» անվանումով գունդը, որը Դիմադրության շարքերում կռվում էր գերմանացիների դեմ»,-ասում է պատմաբան Ստեփանյանցը։
Ֆրանսիացի պարտիզանները մաքի (maquis) անվանումն էին ստացել, քանի որ նրանց առաջին ջոկատները գործում էին լեռներում, որոնք ծածկված էին դժվարանցանելի և մշտադալար մակվիսի փշոտ թփերով: Մաքիների մեծամասնությունը Ֆրանսիական կոմունիստական կուսակցության պարտիզանական միավորման մաս էին կազմում։ Մաքիների հայկական գունդը 1945 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է մարտական դրոշով և Ռազմական խաչի շքանշանով:
Նրանցից բացի Դիմադրության ուժերի կազմում գործում էր նաև «Ֆրանսահայերի ազգային ճակատը»՝ հռչակավոր Միսաք Մանուշյանի, ինչպես նաև Արփիար Ասլանյանի և Շահե Թաթուրյանի գլխավորությամբ։ Հայկական մեկ այլ պարտիզանական գնդի հրամանատարն էր գնդապետ Ղազարյանը։
Միսաք Մանուշյանն ու իր 7 ընկերները մահապատժից առաջ
Եվրոպայում հայերը կռվում էին գրեթե բոլոր երկրներում, որտեղ կազմակերպված պայքար էր ընթանում ֆաշիզմի դեմ՝ Ռումինիայում, Հոլանդիայում․․․ Լեհաստանում՝ ռազմագերիների ճամբարներում, հայերն ընդհատակյա կազմակերպություն էին ստեղծել, որոնցում ընդգրկված էր մոտ 150 հայրենակից: Հունաստանի ազատագրման համար մարտերում զոհվել են ավելի քան 300 հայ տղամարդիկ և կանայք։ Բուլղարիայում ամենահայտնի, տանջամահ արված լեգենդար պարտիզանուհի Սաշային անվանում էին Հերմինե Ռազգրատլյան, իսկ Հարավսլավիայում բոլորը գիտեին Վարդուշ Սուքիասյանի (Սուքիասիչ) անունը։
Առանձին անդրադարձի է արժանի Իտալիայում հերոսաբար զոհված Գևորգ Քոլոզյանը։ Նա ծնունդով Նոր Բայազետից էր՝ ներկայիս Գավառից։ 1938 թվականին ավարտում է մանկավարժական ուսումնարանը և սկսում է դպրոցում գերմաներեն դասավանդել։ Բանակ զորակոչվում է դեռևս խորհրդա-ֆիննական հակամարտության ժամանակ, վիրավորվում է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կամավոր մեկնում է ռազմաճակատ և վերապատրաստվում է հետախուզական դպրոցում՝ թշնամու թիկունք անցնելու համար:
1943 թվականին սլովակ պարտիզանների հետ կապեր հաստատելու փորձի ժամանակ գերի է ընկում։ Նրան ուղարկում են Իտալիայի տարածքում գտնվող ճամբար, որտեղից նա փախչում է և միանում տեղի «Գուիդո Բոսկալյա» բրիգադի պարտիզաններին։ 1944 թվականի հունիսին Քոլոզյանը շրջափակման մեջ է ընկնում։ Ոտքից վիրավորվելով՝ նա նետվում է գնդացիրի վրա՝ իր մարմնով պաշտպանելով օղակից դուրս պրծնող ընկերներին։ Հայ պարտիզանը թաղված է իտալական Ջերֆալկո գյուղում։ Այս իրադարձություններից քսան տարի անց Մոսկվայում Իտալիայի դեսպանը նրա հարազատներին է հանձնել «Ռազմական արիության համար» հետմահու շնորհված մեդալը։
«Արևելյան ճակատում ևս բազմաթիվ անուններ կան, որոնք այդքան էլ հայտնի չեն լայն լսարանին։ Օրինակ՝ Սամվել Մաթևոսյանը։ Նա գերի է ընկել դեռ Բրեստում, ապա փախել է և իր խումբն է ստեղծել։ Ժամանակի ընթացքում ստացել է խորհրդային սպայի կոչում, իսկ պատերազմից հետո հասել է Զոդի ոսկու արդյունահանման կոմբինատի տնօրենի պաշտոնին և արժանացել Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման»,- ասում է Ստեփանյանցը։
Խորհրդային Հայաստանում վեց ազգային դիվիզիա է ձևավորվել։ Ամենահայտնի 89-րդ Թամանյան դիվիզիան է։ Մյուս հինգը նույնպես Հայաստանում են ձևավորվել, սակայն, ինչպես նշում է պատմաբանը, դրանք ազգային չէին։ Թամանյան դիվիզիան ազատագրել է Ղրիմը, հասել է Բեռլին և Բեռլինի գրոհին մասնակցած միակ ազգային խորհրդային դիվիզիան է եղել։ Հենց այդ ժամանակ են հայ մարտիկները քոչարի պարել Ռայխստագի պատերի մոտ։
Արխիվային լուսանկար
Պատերազմից հետո միավորումը պետք է լուծարվեր։ Բայց դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանը դիմեց Առաջին Բելառուսական ճակատի ռազմական խորհրդի անդամ, ծագումով հայ Գալաջևին՝ խնդրելով չշտապել, թեև դա անձամբ Ստալինի հրահանգն էր։ Գալաջևը դիմում ուղարկեց Մոսկվա։ Թե ինչպես հաջողվեց դա անել՝ հայտնի չէ, բայց Ստեփանյանցը կարծում է, որ այդ գործում կարևոր մասնակցություն է ունեցել Անաստաս Միկոյանը։
«Հետաքրքիր է, որ վրացական դիվիզիաները, այն դեպքում, երբ Ստալինն ինքը վրացի էր, կազմալուծեցին, իսկ շքանշանակիրը Թամանյանը թողեցին։ Տեղափոխեցին Երևան՝ Քանաքեռ, և մինչև 1956 թվականը դիվիզիան այստեղ էր՝ Հայկ Սարգսյանի հրամանատարությամբ»,-ասում է Ստեփանյանցը։
Հայտնի է, որ ԱՄՆ բանակում և նավատորմում ծառայել է մոտ 200 000 հայ։ Եվս 100 000 հայ զորակոչվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի զինված ուժեր։ Իսկ հետխորհրդային սերնդի համար կուռքային դարձած «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կազմակերպությունում կարևոր առաքելություն են կատարել ընդհատակյա պարտիզաններ Մայա Պեգլիվանովան (մահապատժի է ենթարկվել 1943 թվականին) և Գեորգի Հարությունյանը։