Թրամփը խոստացել է անձամբ միջամտել, եթե Երևանը կամ Բաքուն խախտեն պայմանավորվածությունները

Ալիևը հրապարակավ հանդես է եկել Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ: Փաշինյանը չի առարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է անձամբ միջամտել, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը խախտեն ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունները: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ:
«Ես նրանց անձնական պարտավորություն եմ տվել. եթե նոր կոնֆլիկտ առաջանա, նրանք երկուսն էլ գիտեն` կզանգեն ինձ, և մենք կլուծենք խնդիրը»,-նշել է Թրամփը:
Նա հավելել է, որ «բոլոր խոշոր տարաձայնությունները հարթվել են, մնացել են միայն փոքր մանրամասները, և դրանցից նույնպես գլուխ կհանեն»:
Միջոցառման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հանդես է եկել Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ: Նա առաջարկել է դիմումը համաձայնեցնել վարչապետ Փաշինյանի հետ և համատեղ հանձնարարականն ուղարկել Նոբելյան կոմիտե։ Փաշինյանը չի առարկել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են 7 կետից բաղկացած Հռչակագիր։