Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Պուտինի հետ հանդիպել օգոստոսի 15-ին Ալյասկայում

Լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի- Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպում անցկացնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social սոցցանցում։

«Երկար սպասված հանդիպումը իմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ օգոստոսի 15– ին, Ալյասկայի մեծ նահանգում», - գրել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Նա հավելել է, որ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Ալյասկայում՝ նշելով, որ հանդիպմանը նրանք կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու տարբերակների քննարկման վրա:
Մոսկվան ակնկալում է, որ Ալյասկայից հետո Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը տեղի կունենա ՌԴ–ում։ Ուշակովն ասել է, որ հրավերը փոխանցել է ԱՄՆ նախագահին:
Հիշեցնենք` օգոստոսի 7–ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել առաջիկա օրերին երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հարցում։ Կողմերը սկսել են աշխատել հանդիպման վրա. հաջորդ շաբաթը նշված է որպես հնարավոր հանդիպման օր, սակայն դեռևս դժվար է ասել, թե քանի օր կտևեն նախապատրաստական աշխատանքները։ Վայրը համաձայնեցված է, դրա մասին կհայտարարվի ավելի ուշ։
Դրանից հետո New York Post-ը, հղում անելով Սպիտակ տան անհայտ աղբյուրին, հայտնեց, որ Թրամփի և Պուտինի հանդիպման հնարավորությունն իբր կապված է Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու հեռանկարի հետ։ Սակայն ԱՄՆ նախագահն ավելի ուշ հայտարարեց, որ Մոսկվայի և Կիևի շփումները իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման համար նախապայման չեն։