Թրամփ–Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. Խանդանյան

Փաստաթղթերից մեկը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա ընդգծեց, որ այդ փաստաթղթերը ստորագրվել են մինչ եռակողմ հանդիպումը, հենց Թրամփ–Փաշինյան հանդիպման ժամանակ։
Մեկը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին», որը, ըստ Խանդանյանի, այդ փաստաթղթով ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր ճանաչմանն է արժանանում։
«Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է էներգետիկային՝ ԱՄՆ–ն համագործակցելու է ՀՀ-ի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում։ Երրորդը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Սպիտակ տանն ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այն տևեց մոտավորապես 20 րոպե։ Այս հանդիպմանը հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, որին հաջորրդելու են Թրամփ-Փաշինյան-Ալիև բանակցությունները։