ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին փոխանցել մոդուլային ԱԷԿ-ների տեխնոլոգիաները։ Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև մեկնաբանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրված երկկողմ մտադրությունների 3 հուշագրերը, որոնցից մեկը վերաբերում է էներգետիկ ոլորտում երկու ուղղություններով փոխգործակցությանը:
«Դրանցից մեկը միջուկային էներգետիկայի նորագույն տեխնոլոգիաներն են, և երկրորդը էլեկտրաէներգիայի կուտակիչների տեխնոլոգիայի ներդրումն է ՀՀ-ում»,– ասաց ՀՀ վարչապետը։
Ըստ Փաշինյանի` ՀՀ-ն այս պահին երեք ատոմակայանի չափ վերականգնվող էներգետիկա ունի, սակայն կա կարիք լուծելու լիցքավորիչների խնդիրը, որի ուղղությամբ ԱՄՆ-ի հետ աշխատանք կտարվի։
«Դուք գիտեք, որ մենք շատ հետաքրքրված ենք մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով։ Այդ փաստաթղթում արձանագրվել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը այդ տեխնոլոգիաները կիսել մեզ հետ»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։