Փորձագետները համակարծիք են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապագա Նոբելյան մրցանակի համար ստացավ «խաղաղարարի» մի նոր դափնի՝ որպես առաջնորդ, որը թղթի վրա լուծեց 35-ամյա հակամարտությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացավ երկար սպասված ճանապարհն ու ամերիկյան զենքի մատակարարումն արգելող 907-րդ ուղղման չեղարկումը։ Հայաստանը ստացավ ռիսկեր` ճանապարհը 99 տարով վարձակալության տալով ԱՄՆ–ին, թեկուզ ամերիկյան ներդրումների խոստումների ներքո։ Հողի վրա Հայաստանը փաստացի ոչինչ չշահեց։ Այստեղ միայն շահեց ՀՀ իշխանությունը, որն այս ամենը որպես հաղթաթուղթ կօգտագործի 2026 թվականի ընտրություններում իր վերարտադրությունն ապահովելու համար։
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։