ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ արաբական երկրներից մեկում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Արտասահմանյան մամուլում մի քանի հրապարակումներ են հայտնվել Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին։
The Washington Post-ը գրում է, որ Թրամփի հանկարծակի անցումը Պուտինից հիասթափվելուց (անզիջողականության պատճառով) դեպի նրա հետ անձնական հանդիպման հնարավորության հաստատումը, Ռուսաստանի առաջնորդի դիվանագիտական հաջողությունն էր։
Գերմանական հայտնի Der Spiegel-ը նշում է, որ Ռուսաստանի նախագահը կկարողանա աշխարհին ցույց տալ, որ Արևմտյան երկրների կողմից իրեն մեկուսացնելու բոլոր փորձերը ձախողվել են։
«Պուտինը չի տեսնում զիջումների գնալու որևէ պատճառ, նրա բանակը առավելություն ունի Ուկրաինայում», – գրում է թերթը։
Գերմանական Die Welt օրաթերթը նշում է, որ Ռուսաստանը վաղուց ապրում է պատժամիջոցների պայմաններում և վստահ է, որ կկարողանա դիմակայել նաև հերթական փաթեթին։ Թերթը հավելում է, որ ռազմաճակատում իրավիճակի առավելությունը կարծես թե ռուսական բանակի կողմն է։
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro թերթը գրում է. «Գերագնահատելով Ռուսաստանի առաջնորդին համոզելու իր կարողությունները, մոռանալով «վերագործարկման» անհաջող փորձերի մասին և թերագնահատելով Պուտինի դիմադրելու կարողությունը, Թրամփն այժմ փակուղուց դուրս գալու կարիք ունի։ Նա հույսը դնում է Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման վրա՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը մեռյալ կետից շարժելու համար»։
Օգոստոսի 7–ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել առաջիկա օրերին երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հարցում։ Կողմերը սկսել են աշխատել հանդիպման վրա. հաջորդ շաբաթը նշված է որպես հնարավոր հանդիպման օր, սակայն դեռևս դժվար է ասել, թե քանի օր կտևեն նախապատրաստական աշխատանքները։ Վայրը համաձայնեցված է, դրա մասին կհայտարարվի ավելի ուշ։
Դրանից հետո New York Post-ը, հղում անելով Սպիտակ տան անհայտ աղբյուրին, հայտնեց, որ Թրամփի և Պուտինի հանդիպման հնարավորությունն իբր կապված է Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու հեռանկարի հետ։ Սակայն ԱՄՆ նախագահն ավելի ուշ հայտարարեց, որ Մոսկվայի և Կիևի շփումները իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման համար նախապայման չեն։