ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Սպիտակ տանն ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այն տևեց մոտավորապես 20 րոպե։
Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի երկրորդ պաշտոնավարումից ի վեր սա Փաշինյան-Թրամփ առաջին պաշտոնական հանդիպումն է: 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց էր ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Հիշեցնենք` Թրամփի հետ հանդիպումից ժամեր առաջ ՀՀ վարչապետը հանդիպել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ։