Պուտինը Մոդիի հետ քննարկել է Թրամփի հատուկ բանագնացի հետ հանդիպման արդյունքները

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման հիմնական արդյունքներով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հաշվի առնելով ռուս-հնդկական հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ Վլադիմիր Պուտինը կիսվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ օգոստոսի 6-ին Մոսկվայում կայացած հանդիպման հիմնական արդյունքներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հնդկաստանի վարչապետը հաստատել է իր երկրի հետևողական դիրքորոշումը հօգուտ Ուկրաինայի շուրջ իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման։
Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի հիմնական հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության շուրջ:
Նշենք, որ օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ժամանել է Մոսկվա, որտեղ կայացել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա 2025 թվականին նրա հինգերորդ այցն է Ռուսաստան։