ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ժամանեց Սպիտակ տուն` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և փոխնախարար Վահան Կոստանյանի, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ուղեկցությամբ։
Սպիտակ տան մուտքի մոտ նրան դիմավորեց Դոնալդ Թրամփը։
«Նախագահ Թրամփ, ուղերձ ունե՞ք հալածված քրիստոնյա հայերին ուղղված»,-տեսանյութում լսվում է լրագրողներից մեկի ձայնը։
Ի պատասխան Թրամփը «շնորհակալություն, շնորհակալություն» ասելով ներս մտավ։
Դոնալդ Թրամփը կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա հետ նույնպես բանակցություններ կվարի: Նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որի բովանդակությունը պաշտոնապես հրապարակված չէ։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ խոսքը հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» նպատակով համատեղ հռչակագրի ստորագրման, Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու փաստաթղթի, Հայաստանի հետ առանձին հուշագրի մասին է։
Հիշեցնենք` Թրամփի հետ հանդիպումից ժամեր առաջ ՀՀ վարչապետը հանդիպել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ։