Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է

Ենոքյանը 29 տարի անցկացրել է անազատության մեջ, նա 21 տարեկանում մահապատժի էր դատապարտվել համակուրսեցու սպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ցմահ դատապարտյալ 50–ամյա Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները՝ Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ։
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ Ենոքյանն ազատ է արձակվել 29 տարի անազատության մեջ լինելուց հետո։ Նույն օրը Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:
Նշենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։
Նա 21 տարեկան հասակում մահապատժի էր դատապարտվել 1996 թ. նոյեմբերի 29–ին։
Իոսիֆ Աղաջանովը սպանվել էր 1996 թվականին։ Երկու մեղադրյալները՝ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, դատապարտվել էին որպես համախոհներ։ Հարությունյանին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանին՝ գնդակահարության, որը 2003 թ. Հայաստանում մահապատժի վերանալուց հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ 2022 թվականից նա պատիժը կրում է բաց ռեժիմով։
Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին ասում է` մարդ ենք սպանել, հետո նաև որոշ մանրամասներ է պատմում այդ սպանությունից։