Իրականությանը չեն համապատասխանում. Փաշինյանի խոսնակը` «միջանցքային» լուծումների մասին

Նազելի Բաղդասարյանը վստահեցնում է, որ Փաշինյանը շատ հստակ ներկայացրել է Հայաստանի մոտեցումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանը չի համաձայնել «միջանցքային» լուծման։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում»,– գրել է Բաղդասարյանը։
Նա ընդգծել է` Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հուլիսի 16–ի իր ասուլիսում։
«Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,– եզրափակել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չբացառեց, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։
Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։