ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են հայկական կողմի լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այս մասին գրել է ֆեսյբուքյան էջում։
«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա։ Այսինքն` մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն»,– նշել է նա։
Ռուբինյանի խոսքով` փոխադարձ ապաշրջափակում նշանակում է, որ եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով:
«Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները վստահաբար կփարատվեն հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո»,– գրել է նա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չբացառեց, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։
Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։