ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Գազայի բնակիչները պետք է մինչև հոկտեմբերի 7-ը լքեն տարածքը։ Այս մասին ասվում է Իսրայելի քաղաքական կաբինետի ծրագրում: Ինչպես հաղորդում է «Maan» լրատվական գործակալությունը, այդ օրը նշանակված է որպես «խորհրդանշական» և նվիրված է Գազայում իսրայելական բանակի ռազմական գործողության մեկնարկի 2-րդ տարեդարձին:
Անկլավի նկատմամբ վերահսկողության ուժեղացման գործընթացը տեղի կունենա 3 փուլով. նախ տեղի կունենան մարդասիրական օգնության մեծ մատակարարումներ, ապա բնակչությունը կտեղափոխվի հարավային շրջաններ և վրանային ճամբարներ, իսկ վերջում նախատեսված է Գազայի «լիակատար ռազմական շրջափակում»:
Ինչպես նշում է գործակալությունը, անկլավի և, մասնավորապես, վարչական կենտրոն Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իսրայելական կաբինետի ծրագրում օգտագործվում է «գրավում» բառը: Նշվում է, որ նման քայլը կիրառվել է Իսրայելի իշխանությունների մտահոգություններից ելնելով՝ գրավյալ տարածքներում գտնվող քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային իրավական պատասխանատվության հետ կապված հետևանքների համար:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ ռազմաքաղաքական կաբինետն ընդունել է «պատերազմն ավարտելու 5 սկզբունք՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների և զոհվածների դիերի վերադարձ, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածում անվտանգության իսրայելական վերահսկողություն, այլընտրանքային քաղաքացիական՝ ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի ազգային վարչակազմի հետ առնչություն չունեցող վարչակազմի ձևավորում»: