ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Վարդան Հարությունյանը ձերբակալվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,– ասաց նա։
Հակակոռուպցիոն դատարանն այս պահին քննում է կալանքի միջնորդությունը։
Հիշեցնենք` Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։
Դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել: