ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Ազատի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը վերացնել, իսկ գրավը և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ։
Դատավորը հայտարարեց, որ գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5–ին և այդ մասին պետք է ծանուցել նաև վկաներ Արմեն Նազարյանին, Կամո Ավագյանին և Երանուհի Գրգորյանին, որպեսզի նրանք հաջորդ նիստին ներկայանան դատարան։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Քրգործ է հարուցվել նաև Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։