Վանաձորում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կվերակառուցվի

Վանաձորում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել առնվազն 10 000 նստատեղով մարզադաշտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի/կվերակառուցվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունն այս նախագիծն անհետաձգելի է համարել և այդ նպատակով գնումների գործընթացը որոշել է կազմակերպել «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։
Նման շտապողականությունը պայմանավորված է 2029 թ. Հայաստանում ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմամբ։
Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել։

«Հայտի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է նաև բավարարել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են երկրում նման առաջնություն անցկացնելու համար։ Հիմնական պայմանը, իհարկե, ՈւԵՖԱ-4 կատեգորիայի մարզադաշտ ունենալն է»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Վանաձորում նախատեսվում է կառուցել առնվազն 10 000 նստատեղով մարզադաշտ։ ՀՀ ԿԳՄՍՆ–ից նշում են, որ այստեղ արդեն առկա է հին չշահագործվող մարզադաշտ՝ 3000 նստատեղով։ Որոշվել է առկա մարզադաշտը վերակառուցել` կառուցելով նոր նստատեղերի հատվածը։
Այդ նպատակով ԿԳՄՍՆ–ն որոշել է դիմել միջազգային փորձ ունեցող, նման մարզադաշտեր արդեն նախագծած և կառուցած օտարերկրյա ընկերություններին։ Ստացվել է երկու գնային առաջարկ՝ «The stadium Consultancy B.V.» և «VenueEra Holding LLC» ընկերություններից։
Արդյունքում, նախարարությունը` որպես նախագծող ընտրել է նվազագույն գնային առաջակ ներկայացրած ընկերությունը։ Այն է՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ն, որի կողմից առաջարկվել է սկզբնական 612,000.0 եվրո գնային առաջարկ, որը զեղչվել է մինչև 593,040.0 եվրո։
Նախագծման ամբողջ գործընթացը նախատեսվում է իրականացնել 8 ամսում, իսկ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել լավագույն դեպքում 2026 թ. հունիսի կեսերին։ Շինարարությունը կտևի 24 ամիս։