ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Նովոսիբիրսկի մարզում ռուսաստանցի զինծառայողի սպանության փորձի կանխման մասին, որը կազմակերպել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսվում էր իրականացնել ՌԴ երկու անչափահաս քաղաքացիների կողմից թունավոր նյութերի օգտագործմամբ, որոնք պետք է քսեին սպայի անձնական մեքենայի որոշ հատվածներին։ ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են։
Քննության վարկածով՝ անչափահասները ուկրաինական կողմից քիմիական նյութերով երեք տարա են ստացել, որոնք սուր սրտային անբավարարություն են առաջացնում և կարող են մահվան հանգեցնել։ Թույնը քսվել էր վարորդի դռան բռնակին և սպայի մեքենայի կողային հայելուն։ Ինչպես նշվում է, առաջադրանքը նրանք ստացել են «արագ գումար» առաջարկող ինտերնետային հարթակի միջոցով, իսկ հետագա գործողությունները համակարգվել են Ուկրաինայի տարածքից՝ Telegram ալիքի միջոցով։ Փոխգործակցության փաստը հաստատվել է առգրավված կապի միջոցներում հայտնաբերված տվյալներով։
Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարված մահափորձի հոդվածով։
Ավելի վաղ ԱԴԾ-ն հաղորդել էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից թույների օգտագործմամբ կանխված գործողությունների մասին: Յարոսլավլի մարզում Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գործակալները ծրագրում էին սպանել պաշտպանական ձեռնարկության աշխատակիցներին՝ օգտագործելով շնչուղիների այրվածքներ առաջացնող քիմիական նյութեր: Թույնը պետք է տեղադրվեր մեքենաների օդափոխման համակարգում:
Գերատեսչության տվյալներով՝ կանխվել են նաև ռուսաստանցի զինծառայողների զանգվածային թունավորման փորձերը. Արմավիրում ՀՕՊ ռազմական օդաչուների տարեդարձի տոնակատարության ժամանակ պլանավորվել էր օգտագործել թունավորված ըմպելիքներ և քաղցրավենիք, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ կամավորների կողմից ՀՕՊ գոտի մարդասիրական օգնություն ուղարկելու համար հավաքված սնունդը։ Գործերով ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական հարձակումների նախապատրաստման և պետական դավաճանության հոդվածներով:
Բացի այդ, 2024 թվականի փետրվարին պետական անվտանգության մարմինները Զապորոժիեի մարզում ահաբեկչական հարձակում են կանխել են, որը նախատեսվում էր իրականացնել BZ թունավոր նյութի (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ) անալոգի օգտագործմամբ: Ուկրաինայի ձերբակալված երեք քաղաքացիների մոտից առգրավվել են բաղադրիչներ, որոնք կիրառվել են զանգվածային ոչնչացման քիմիական զենք ստեղծելու համար: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ` զանգվածային ոչնչացման զենքի արտադրության և տարածման, ինչպես նաև ահաբեկչական հարձակման հոդվածներով:
Հաղորդվում է նաև, որ ԴԺՀ տարածքում հայտնաբերվել է Ուկրաինայի զինված ուժերին պատկանող թաքստոց՝ անօդաչուներից նետելու համար նախատեսված ինքնաշեն պայթուցիկ սարքերով։ Զինամթերքը հագեցած է եղել պլաստիկ պայթուցիկներով և քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով արգելված քլորպիկրին թունավոր նյութով։ Այս փաստով ևս քրեական գործ է հարուցվել։