ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը առաջիկա օրերին կհանդիպեն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան կողմի առաջարկով համաձայնեցվել է առաջիկա օրերին բարձր մակարդակով երկկողմ հանդիպում, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Պուտինի հանդիպումը անցկացնելու պայմանավորվածությունը», - ասել Է դիվանագետը:
Նա նշել է` համաձայնեցվել է նաև հանդիպման վայրը, որի մասին կհայտնեն ավելի ուշ։
«Հանդիպման կողմնորոշիչ ժամկետ է նախանշվել հաջորդ շաբաթը, սակայն կողմերը սկսում են պատրաստվել այս կարևոր հանդիպմանը, և դեռ դժվար է ասել, թե քանի օր կտևեն նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել է հանդիպումը հաջորդ շաբաթ անցկացնելու տարբերակը, և մենք բավականին դրական ենք տրամադրված այդ տարբերակին», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը Կրեմլում խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպում անցկացնելու տարբերակի մասին, բայց ռուսական կողմն այն թողել է առանց մեկնաբանության՝ առաջարկելով կենտրոնանալ երկկողմ հանդիպման վրա։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր` Կրեմլում չեն բացառում, որ կարող է բարձրացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացնելու նպատակահարմարության հարցը, եթե վերջինս նույնպես այնտեղ լինի: Մինչ այդ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը նախատեսում է այցելել Չինաստան: