ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի` 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը Ջիբրալթարի «Լինքոլնի» հետ։
«Լինքոլն Ռեդ Իմպս» - «Նոա» դիմակայությունում ֆավորիտը միանշանակ համարվում էր Հայաստանի չեմպիոնը, բայց թերագնահատել մրցակցին չէր կարելի, և արդեն առաջին խաղում մեր թիմը պետք է ամուր պաշար ստեղծեր պատասխան խաղից առաջ։ Եվ հայկական թիմի ֆուտբոլիստներն առանց երկմտելու խաղի մեկնարկից սկսեցին ճնշել մրցակցին։ 9-րդ րոպեին Յան Էտեկին մրցակցի տուգանային հրապարակի գծի վրայից անկասելի հարվածով բացեց խաղի հաշիվը։
Մեր թիմի ավելի բարձր կարգը զգացվում էր, բայց «Նոան» խաղի տեմպը արագացնել «չցանկացավ», ու հաշվի մեջ առաջ անցնելով` պարզապես փորձում էր որսալ պահը ձեռք բերածը զարգացնելու համար։ Բայց Յան Էտեկեյի անիմաստ խախտումից հետո «Նոայի» դարպասին նշանակվեց 11– մետրանոց, ու չնայած Չանչարևիչը հետ մղեց հարվածը, բայց երկրորդ հարվածով Տիջեյ դե Բարը խփեց պատասխան գնդակը։
Երկրորդ խաղակեսում անհասկանալի պատճառներով «Նոան» անսպասելի վատ խաղաց։ Մեր թիմը հաստատ ավելի մեծ ներուժ ունի, բայց հաշվի մեջ նորից առաջ անցնելու հնարավորություններ ունենալով`«Նոան» արդյունքի հասնել չեր կարողանում։ Ընդ որում, գոլ խփելու շանս ուներ նաև մրցակիցը։
Բայց խաղի ժամանակը սպառվում էր, իսկ դարպասի գրավում չկար։ Այս ամենին գումարած էլ, մեր թիմի 6 ֆուտբոլիստներ ու գլխավոր մարզիչը դեղին քարտ ստացան։ Ու «Նոային» կարծես թե օգնության եկավ ստանդարտը, բայց Ուլադ Օմարի խփած գնդակից հետո մրցավարը չեղարկեց դարպասի գրավումը, հանելուկ թողնելով, թե ինչու։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Թիմերի պատասխան հանդիպումն անցկացվելու է Աբովյանում ուղիղ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 14-ին։