ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել կանոնավոր շփումները։
Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ստամբուլում կայացավ շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Հանդիպումից առաջ տեղի ունեցավ պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկիի և Ռուստեմ Ումերովի առանձնազրույցը: Ընդլայնված կազմով բանակցությունները տևեցին շուրջ 40 րոպե, կողմերը քննարկեցին հուշագրերի նախագծերում շարադրված դիրքորոշումները:
Կողմերը պայմանավորվեցին փոխանակել ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկեց երեք աշխատանքային խումբ ստեղծել քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի լուծման համար։ Բացի այդ, Մոսկվան առաջարկեց Կիևին հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 3 հազար զինծառայողների մարմիններ, ինչպես նաև կարճատև հումանիտար հրադադարներ հաստատել վիրավորներին ու զոհվածների մարմինները տեղափոխելու նպատակով։
Մեդինսկու խոսքով՝ բանակցությունների չորրորդ փուլի մասին որոշումը կկայացվի նոր պայմանավորվածությունների կատարումից հետո: