ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի-Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական այց կատարել Հայաստան: Այս մասին իրանական «Թեհրան» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ մեծ նշանակություն է ունեցել իր հարևանների հետ Իրանի հարաբերությունների գերազանց զարգացումը։ Պարոն Փեզեշքիանն այցելել է Իրաք, Ադրբեջան, Հայաստան կմեկնի մեկ-երկու շաբաթից, այցելել է Թուրքմենստան, Տաջիկստան, Պակիստան, Օման, Կատար», - հայտարարել է նախարարը հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ 2024 թվականի հուլիսին Փաշինյանն այցելել էր Իրան, որտեղ հանդիպում էր ունեցել Փեզեշքիանի հետ։ Նշվել է, որ Երևանն ու Թեհրանը կարևորում են հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում: Իսկ արդեն 2025 թվականի հուլիսին Փաշինյանը նրան հրավիրեց Երևան։