Հայտնի են Արմավիրի մարզում զինծառայողների մասնակցությամբ վթարից տուժածների անունները

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել նաև 13-ամյա երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով մահացած 22-ամյա զինծառայողը Աշոտ Հ․-ն է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օգոստոսի 6-ին հայտնել էինք, որ Արմավիրի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 6–ը` վնասվածքներ ստացել։ Մահացածն ու 6 տուժածներից 3-ը ՊՆ ծառայողներ են:
Կայքին հայտնի է դարձել բոլոր տուժածների ինքնությունը։
Պարզվել է, որ «ԳԱԶ 3129»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Վալերիկ Ն.-ն, իսկ «Nissan»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Վիգեն Ա.-ն։
Վթարի հետևանքով Վալերիկ Ն.-ն և նրա ուղևորը` Արմավիրի մարզի բնակիչ 13-ամյա Ռոման Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ «Nissan»-ի վարորդ Վիգեն Ա.-ն, նրա ուղևորները՝ Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Մանուկ Ս.-ն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Ն.-ն, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Գ.-ն նույնպես տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևորը՝ Գետաշենի բնակիչ 22-ամյա Աշոտ Հ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է` գիտակցության չգալով։
Կայքը հայտնում է, որ «Nissan»-ի վարորդն ու բոլոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։