Տարեկան 3 միլիոն դրամով սպորտ պահել ու զարգացնել․ առագաստանավորդները կրկին Սևանի վրա են

Այս տարի հուշամրցաշարի մասնակիցներն ավելի քիչ են, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ռուսաստանյան թիմն էլ է փոքր կազմով մասնակցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Սևանա լիճն այս տարի կրկին մեկտեղել է պատանի առագաստանավորդներին ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից ու Վրաստանից։ Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը։ Դեռ խորհրդային ժամանակներից անցկացվող հուշամրցաշարն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ քիչ մասնակիցներ ունի։ Եթե 2024-ին միայն ՌԴ-ից մոտ 20 պատանի էր եկել, այս տարի մասնակիցների ընդհանուր թիվն է գրեթե այդքան՝ 21, որոնցից 12-ը «Оптимист» կատեգորիայում (մինչև 14 տարեկան) և 9-ը՝ «Луч» խմբում (15-17 տարեկան)։
Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանն ասում է՝ սպորտաձևի զարգացմանը թերևս քաղաքական հարցերն են հիմա էլ խանգարում, թե չէ այլ խանգարող հանգամանքներ չկան։ Այդպես է բացատրում Ռուսաստանից ընդամենը 4 մասնակիցների ներկայությունը, այլապես նախորդ տարիներին հենց ռուսաստանյան թիմն էր ամենաակտիվը, որը սիրել էր թե Սևանը, թե հայաստանյան հյուրընկալությունը։ Ցավով նկատում է նաև, որ այս տարի Բելառուսից էլ թիմ չեկավ, թեպետ նախորդ տարի դրա շուրջ պայմանավորվածություն էին ձեռքբերել։
Սմբատ Հակոբյան
«Այս սպորտաձևը մի տեսակ էնտուզիազմի ուժով ենք պահում, եթե էնտուզիազմը չլիներ, սպորտաձևն էլ երևի չէր լինի, որովհետև օգնող այլ բան չկա, տարեկան 3 միլիոն դրամով սպորտ ենք պահում ու զարգացնում»,- ասում է Սմբատ Հակոբյանը՝ հիշեցնելով, որ առագաստանավային սպորտն էժան սպորտաձև չէ։
Հավելում է՝ վրացիներին իրենք են օգնել, որ այնտեղ էլ առագաստանավային սպորտը զարգանա, հիմա իրենք մեզնից առաջ են անցել, որովհետև ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում առագաստանավային սպորտը պետական լուրջ աջակցություն ունի։
Թեպետ մասնակիցները թվով շատ չեն, բայց բավականին ուժեղ են։
17-ամյա Նարե Սուքիասյանը 6 տարի անընդմեջ մրցաշարի հաղթող է եղել։ Այս տարի էլ նույն նպատակն ունի։
Նարե Սուքիասյան
«Մատների արանքով չեմ նայում, ամեն տարի ավելի շատ փորձ են ձեռքբերում ու ավելի ուժեղ են հանդես գալիս, դրա համար ես էլ եմ միշտ լուրջ տրամադրված»,- ասում է Նարեն, ով, ի դեպ, այս տարի վերջին անգամ է մրցաշարին մասնակցում։ Քանի որ հուշամրցաշարը մանկապատանեկան է, հաջորդ տարի մասնակցել այլևս չի կարողանալու տարիքի պատճառով։ Մարզիչները խոստացել են՝ նոր մրցաշար կհիմնեն արդեն երիտասարդների համար, քանի որ Նարեի տարեկից առագաստանավորդները շատ են։
«Ես 5-6 տարեկանից այս սպորտաձևով եմ զբաղվում, բայց չեմ հոգնում, ամեն անգամ վայելում եմ Սևանը, սա իմ կյանքն է, մի հատ նայեք այս գեղեցկությանը, ո՜նց չվայելես էս ամբողջը»,- ասում է Նարեն, ով նաև այլ երկրներից է հաղթանակներով վերադարձել, այդ թվում՝ Վրաստանից ու Ռուսաստանից։ Մտածում է մարքեթինգով զբաղվելու մասին, բայց վստահ է՝ առագաստանավային սպորտը միշտ ուղեկցելու է իրեն հետագա կյանքում։
Վրաստանը ներկայացնող 16-ամյա Անաստասյա Թաթարիշվիլին առագաստանավային սպորտով զբաղվում է 10 տարեկանից, ավագ եղբոր հետքերով որոշեց գնալ։ Սևանյան մրցաշարին արդեն 4-րդ տարին է մասնակցում, ասում է՝ մինչև հիմա, ցավոք, մեծ հաջողություններ չի գրանցել, նախորդ տարի, օրինակ, 17-րդ տեղն էր զբաղեցրել, բայց տպավորություններն այնքան ջերմ ու լավն են, որ այս տարի էլ վերադարձավ։
Անաստասյա Թաթարիշվիլի
«Վրաստանում ու Սևանում այս սպորտաձևը շատ տարբերություններ ունի․ մեզ մոտ քամիներ չեն լինում, իսկ Սևանում միշտ քամոտ է։ Քամիների ժամանակ առագաստանավը կառավարելը շատ դժվար է, հատկապես ինձ համար, ես քաշ չունեմ։ Հույս ունեմ, որ այս տարի արդյունքներս վատը չեն լինելու»,- ասում է Անաստասյան։
Մաքսիմ և Լև Ադոնին եղբայրներն էլ Ռուսաստանն են ներկայացնում, հանդես են գալիս նույն կատեգորիայում, ուստի մրցակիցներ են․ եթե սա 15-ամյա Մաքսիմի երկրորդ սևանյան մրցաշարն է, 17-ամյա Լևի համար առաջինն է։
«Անցյալ տարի ես չկարողացա գալ, որովհետև Ռուսաստանում էի մրցաշարի մասնակցում, բայց այս մեկ տարվա ընթացքում Մաքսիմն այնքան գլուխս տարավ, թե ինչքան լավ է Սևանում, ինչքան սիրուն է, մարդիկ ինչքան ջերմ են, ուտելիքն ինչքան համով է, որ այս տարի ես էլ եկա։ Եվ այո, Մաքսիմն ամեն ինչ ճիշտ է ասել, ուտելիքն էլ է շատ համով է, ինչ փորձել եմ, լավն է եղել՝ գաթա, փախլավա, խորոված»,- ասում է Լևը։
Թեպետ եղբայրներն ակտիվ մարզվում են, բայց միաբերան ասում են՝ Սևանում առագաստանավ կառավարելը լրիվ ուրիշ մի բան է՝ ալիքներ չկան, մինչդեռ դրանք օգնում են, փոխարենը քամի կա, ինչն էլ դժվարացնում է կառավարումը։ Ուստի այստեղ առանձնահատուկ վարպետություն ու մարտավարություն է պետք։ Սրան գումարենք նաև այն, որ Սևանի ջուրը տղաների համար սառն է․ Մաքսիմն, օրինակ, անցյալ տարի հասցրել էր հիվանդանալ մրցելույթների ընթացքում։ Ու միգուցե դա էր պատճառը, որ նախորդ տարվա մրցաշարը 5-րդ հորիզոնականում ավարտեց։
Մաքսիմ և Լև Ադոնին եղբայրներ
Եղբայրները սկսել են առագաստանավային սպորտով զբաղվել 6 տարի առաջ Սոչիում։ Լևը քանի որ ավելի շատ վինսդերֆինգով (առագաստով սերֆինգի տախտակի կառավարում-խմբ.) է զբաղվում, այլ ոչ թե առագաստանավային սպորտով, կարծում է՝ կրտսեր եղբայրն իրեն այս մրցաշարում անցնելու է։ Բայց Հայաստանն ու Սևանն այնքան է սիրել, որ մտածում է տեղացի պատանիներին ու երիտասարդներին մեկտեղել, Սևանում վինդսերֆինգի մրցումներ կազմակերպել։
Թեպետ ամեն մրցաշար ունենում է հաղթողներ ու ոչ հաղթողներ, այս մեկի յուրահատկությունն այն է, որ այստեղից բոլորն են հաղթանակած գնում՝ ՝ ձեռք բերելով նոր ընկերներ, իրենց հետ տանելով ջերմ հիշողություններ ու ծով տպավորություններ։
1 / 8

Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը

2 / 8

Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը

3 / 8

Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը

4 / 8

Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը

5 / 8

Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը

6 / 8

Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը

7 / 8

Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը

8 / 8

Օգոստոսի 6-ից 10-ն անցկացվում է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը