«Փյունիկը» հրաժեշտ է տվել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Եղիշե Մելիքյանին

Մելիքյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել այսօր` օգոստոսի 6-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լքել է Երևանի «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը: Թիմը հրաժեշտ է տվել Մելիքյանին։
«Հեշտ չէ հրաժեշտ տալ նրան, ով տարիներ շարունակ եղել է մեր թիմի սիրտը։ «Փյունիկը» Ձեզ հետ ավելին էր, քան ֆուտբոլային թիմ։ «Փյունիկն» ընտանիք էր։ Ձեր հավատն է դարձրել անհնարինը հնարավոր։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` ՀՖՖ–ն և Ջոն վան’տ Սխիպն այսօր փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Եղիշե Մելիքյանը
Եղիշե Մելիքյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1995 թվականին Երևանում, բայց խաղաժամանակի մեծ մասն անցկացրել է «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբում։ 1999 թվականին «Արաքսի» կազմում նա նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ մեկ տարի անց նույն թիմի հետ՝ երկրի առաջնությունը։ 2007 թվականին նա երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, բայց այս անգամ`«Բանանցի» կազմում, որի հետ անցկացրել է ընդհանուր առմամբ 78 խաղ և խփել 12 գոլ։
Այնուհետև Մելիքյանը մեկնել է Դոնեցկ, որտեղ խաղացել է «Մետալուրգի» կազմում, ապա հանդես եկել Ալչևսկի «Ստալի», «Զարյայի» և «Գովերլայի» կազմում։
Մելիքյանը մարզչական կարիերան սկսել է 2015 թվականից։ Նա մարզել է Դոնեցկի «Մետալուրգի» երիտասարդական թիմը։ 2017 թվականին գլխավորել է «Ստալը» (Կամենսկոյե), իսկ 2019 թվականին՝ Լվովի համանուն թիմը։ Հայաստանում սկսել մարզչական կարիերան սկսել է 2020 թվականին՝ գլխավորելով Երևանի «Ալաշկերտը», իսկ 2021 թվականին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ 2022 թվականին Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» յոթ տարվա ընդմիջումից հետո դարձավ Հայաստանի չեմպիոն։
Կոնֆերենցիայի լիգայում նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլը և անցավ խմբային մրցաշար, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը։ 2023/24 մրցաշրջանում «Փյունիկը» կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։