ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 7-8-ին այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,– գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում։
Կադրերում երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետի ավտոշարասյունը ուղևորվում «Զվարթնոց» օդանավակայան:
Հիշեցնենք` Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են արդեն այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Այսօր արդեն միջազգային մամուլը գրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։