ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՄԱԿ-ի 35 հատուկ զեկուցողներից և անկախ փորձագետներից բաղկացած խումբը՝ Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի գլխավորությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել միջազգային հանրությանը էմբարգո սահմանել Իսրայելին սպառազինությունների մատակարարման վրա և լուծարել Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամը (GHF): Փաստաթուղթը հրապարակել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հայտարարության հեղինակների կարծիքով՝ Իսրայելի կողմից ամերիկյան աջակցությամբ ստեղծված հիմնադրամը «խիստ տագնապալի օրինակ է այն բանի, թե ինչպես մարդասիրական օգնությունը կարող է օգտագործվել թաքնված ռազմական և աշխարհաքաղաքական նպատակներով»: Փորձագետները պնդում են, որ իսրայելական զորքերը և օտարերկրյա ռազմական կապալառուները շարունակում են կրակ բացել GHF-ի օգնության բաշխման կետերում սնունդ փնտրող մարդկանց վրա:
«Դա անվանելով մարդասիրական առաքելություն՝ Իսրայելը քողարկվում է մարդասիրությամբ՝ խեղաթյուրելով մարդասիրական գործունեության բուն էությունը», - ասված է հայտարարության մեջ:
Խմբի տվյալների համաձայն՝ Գազայում օգնություն ստանալու փորձի ժամանակ զոհվել է գրեթե 1400 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 4000-ը: Նրանցից առնվազն 859-ը սպանվել են GHF կետերի շրջանում՝ մայիսի վերջին դրանց աշխատանքի մեկնարկից ի վեր:
Այս ֆոնին փորձագետները կոչ են արել ՄԱԿ-ի անդամ երկրներին անհապաղ էմբարգո սահմանել Իսրայելին զենքի մատակարարման վրա, դադարեցնել առևտրական և ներդրումային համաձայնագրերը, որոնք կարող են խորացնել պաղեստինցիների վիճակը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել Գազայի հատվածում միջազգային իրավունքի խախտումներին մասնակից իրավաբանական անձանց:
Իսրայելի իշխանությունների որոշմամբ` 2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատվածի բոլոր անցակետերը փակ են մնում, և միջազգային մարդասիրական օգնություն չի ստացվում։ Պարենի բաշխումն այդ ժամանակվանից իրականացվում է բացառապես GHF կետերի ցանցի միջոցով, որը վերահսկում են Իսրայելն ու ԱՄՆ-ն։ Մատակարարումները մասամբ վերսկսվել են միայն հուլիսի 27-ին։
Մարտին Իսրայելի բանակը վերսկսել է ռազմական գործողությունները անկլավում՝ խախտելով հունվարին պայմանավորված հրադադարը։ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլերը չեն հանգեցրել նոր համաձայնագրի մշակմանը: