Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուրսկում տղամարդ է վնասվածք ստացել «Միրատորգի» տարածքի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Տուժածին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՌԴ Կուրսկի մարզի «Միրատորգ» գյուղատնտեսական հոլդինգի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 50–ամյա տղամարդ է բեկորային վնասվածք ստացել։ Telegram–ի իր ալիքում այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Նախնական տեղեկություններով՝ երեկ ցերեկը ուկրաինական անօդաչուն հարձակվել է Սուջայի շրջանի Խիտրովկա գյուղի «Միրատորգ» գյուղատնտեսական հոլդինգի տարածքի վրա։ Ցավոք, ձեռնարկության աշխատակից է տուժել։ 50-ամյա տղամարդը աջ նախաբազկի և ոտքի ստորին հատվածում կույր բեկորային վնասվածք է ստացել», – գրել է Խինշտեյնը։
Պաշտոնյայի խոսքով՝ տուժածին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, նա բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում։
«Հարգելի բնակիչներ, կրկին խնդրում եմ բոլորին չվերադառնալ սահմանային գոտի։ Դա դեռ չափազանց վտանգավոր է։ Զգույշ եղեք», – հավելել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։