Խամենեիի ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի լիակատար գերիշխանության մասին

Իսրայելի ներկայությունը, Սարայիի խոսքով, սպառնալիք է ստեղծում հարևան երկրների անվտանգության և անկախության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Թավրիզի «Աշուրա» կորպուսում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդոլառահիմ Սարային հայտարարել է Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի լիակատար գերիշխանության մասին, հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ «սիոնիստական ռեժիմի» լայն ներկայությունն Ադրբեջանում սպառնալիք է ստեղծում երկրի, ինչպես նաև հարևան պետությունների անվտանգության և անկախության համար:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Իսրայելից ինքնաթիռները պարբերաբար թռչում են իրանական սահմանից ոչ հեռու վերջերս կառուցված օդանավակայան (խոսքը, ենթադրաբար, «Ֆիզուլի» օդանավակայանի մասին է- խմբ.):
«Այս ակնհայտ և ոչ երկիմաստ ներկայությունը վկայում է Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ սիոնիստական ռեժիմի լիակատար գերիշխանության մասին»,-նշել է Սարային:
Նա իշխանություններին և ժողովրդին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին։ Նրա կարծիքով՝ այդ ազդեցությունն ուղղված է իսլամական երկրների շահերի թուլացմանը։
Խամենեիի ներկայացուցիչը նշել է, որ Իրանը միշտ մեծ նշանակություն է տվել իր անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը և դիմակայելու է ցանկացած ապակառուցողական գործողության։