ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կանադայի Մանիտոբա նահանգում շուրջ 15 հազար մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Globe and Mail» թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարյուրավոր հրդեհներից առաջացած ծուխն ու մուրը տարածվել են Կանադայի և ԱՄՆ հյուսիսային նահանգների տարածքներում, ինչի հետևանքով այդ շրջաններում օդի որակը հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի։
«Վերջին տվյալներով` Մանիտոբայում տարհանման հրահանգ է ստացել առնվազն 15 հազար մարդ, հիմնականում` նահանգի հյուսիսային մասում», – գրում է թերթը։
Բացի այդ, իրենց տները ստիպված են եղել լքել ևս մոտ 600 մարդ Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգներում։
Մանիտոբայի կառավարության կայքու հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հրդեհների պատճառով նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կգործի մինչև օգոստոսի 8-ը։
Կանադայի միջգերատեսչական անտառային հրդեհների կենտրոնի (CIFFC) տվյալներով՝ երկրում ավելի քան 750 անտառային հրդեհ է մոլեգնում։ Ամենաշատը տուժում է Մանիտոբա նահանգը, որտեղ 166 հրդեհ է գրանցվել։ Հրդեհներն ընդգրկել են նաև Բրիտանական Կոլումբիայի, Յուկոնի, Սասկաչևանի, Ալբերտայի, Օնտարիոյի նահանգները և Հյուսիսարևմտյան տարածքները։