ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կալինինգրադի դատարանը մինչև սեպտեմբերի 30-ը կալանավորել է ձեռնարկություններից մեկի նախկին աշխատակցին, որը ԱՄՆ հատուկ ծառայություններին տեղեկություն էր փոխանցում տիեզերական արբանյակների շարժիչների արտադրության տեխնոլոգիաների վերաբերյալ, քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզային դատարանի մամուլի ծառայությանը։
Քննության վարկածով՝ 2020 թվականի ամռանը Օ.-ն համագործակցության մասին գաղտնի համաձայնագիր է կնքել մի ընկերության հետ, որը գործունեություն է ծավալել դաշնային կառավարության և ԱՄՆ տարբեր պաշտպանական գերատեսչությունների շահերից ելնելով՝ տեղեկատվության հավաքագրման և հետագա փոխանցման վերաբերյալ, այդ թվում՝ փակ բնույթի, որը վերաբերում էր տիեզերական արբանյակների համար էլեկտրոնային շարժիչների արտադրությանը այն գործարանի կողմից, որտեղ նա նախկինում աշխատել է։
2021 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերը Օ.-ն տեղեկություններ է հավաքել և պահպանել գործարանի կողմից արտադրված շարժիչներ ստեղծելու տեխնոլոգիայի վերաբերյալ՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին փոխանցելու համար, նշել է դատարանը։
Նշվում է, որ ներկայացված միջնորդության հիմնավորման մեջ քննիչը նշել է, որ Օ.-ն կարող է թաքնվել քննչական մարմիններից կամ դատարանից, ճնշում գործադրել վկաների վրա, ոչնչացնել ապացույցները կամ այլ կերպ խոչընդոտել քրեական գործի վարույթին։