Ջոն վան’տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ–ն 2 որոշում է կայացրել

Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ջոն վան’տ Սխիպն այլևս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը չէ։ ՀՖՖ գործադիր կոմիտեն այսօր որոշել է, որ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ըստ հաղորդագրության` Ջոն վան’տ Սխիպի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով։
«Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է Ջոն վան’ տ Սխիպը։
Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:
«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը»,– ասել է նա:
Արմեն Մելիքբեկյանն ու Եղիշե Մելիքյանը
Եղիշե Մելիքյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1995 թվականին Երևանում, բայց խաղաժամանակի մեծ մասն անցկացրել է «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբում։ 1999 թվականին «Արաքսի» կազմում նա նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ մեկ տարի անց նույն թիմի հետ՝ երկրի առաջնությունը։ 2007 թվականին նա երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, բայց այս անգամ`«Բանանցի» կազմում, որի հետ անցկացրել է ընդհանուր առմամբ 78 խաղ և խփել 12 գոլ։
Այնուհետև Մելիքյանը մեկնել է Դոնեցկ, որտեղ խաղացել է «Մետալուրգի» կազմում, ապա հանդես եկել Ալչևսկի «Ստալի», «Զարյայի» և «Գովերլայի» կազմում։
Մելիքյանը մարզչական կարիերան սկսել է 2015 թվականից։ Նա մարզել է Դոնեցկի «Մետալուրգի» երիտասարդական թիմը։ 2017 թվականին գլխավորել է «Ստալը» (Կամենսկոյե), իսկ 2019 թվականին՝ Լվովի համանուն թիմը։ Հայաստանում սկսել մարզչական կարիերան սկսել է 2020 թվականին՝ գլխավորելով Երևանի «Ալաշկերտը», իսկ 2021 թվականին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ 2022 թվականին Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» յոթ տարվա ընդմիջումից հետո դարձավ Հայաստանի չեմպիոն։
Կոնֆերենցիայի լիգայում նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլը և անցավ խմբային մրցաշար, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը։ 2023/24 մրցաշրջանում «Փյունիկը» կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։