Թրամփը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կհանդիպի Սի Ծինփինի հետ, եթե գործարք կնքեն

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանը շատ մոտ են գործարք կնքելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, եթե Միացյալ Նահանգներն ու Չինաստանը գործարք կնքեն: Այս մասին նա հայտարարել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք շատ մոտ ենք գործարքին։ Շատ լավ լեզու ենք գտնում Չինաստանի հետ»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր հարաբերությունները «շատ հաջող են»։
Թրամփի խոսքով՝ ինքը Չինաստանի առաջնորդի հետ հանդիպում չի խնդրել, ինչպես գրում են ԶԼՄ-ները, սակայն պատրաստ է նման շփումների՝ պայմանով, որ Վաշինգտոնն ու Պեկինը առևտրային գործարք կկնքեն:
«Հանդիպումն ուզողը ես չէի։ Նա է խնդրել։ Եթե պայմանավորվենք, հանդիպումը կլինի մինչև տարեվերջ։ Եթե չպայմանավորվենք, հանդիպելն իմաստ չունի»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև նշել է, որ չինական ապրանքների վրա ԱՄՆ կառավարության սահմանած բարձր մաքսատուրքերը «գործնականում կանգնեցրել են բիզնեսը» Պեկինի հետ:
Չինաստանն ու ԱՄՆ-ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը սկսվել է փետրվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր չինական ապրանքների ներմուծման դեմ 10 տոկոս մաքսատուրք սահմանեց: Մարտին այն հասավ 20 տոկոսի, այնուհետև, մի քանի փոխադարձ քայլերից հետո, չինական ապրանքների նկատմամբ Միացյալ Նահանգների մաքսատուրքը հասավ 145 տոկոսի, իսկ ՉԺՀ-ում ԱՄՆ-ից մատակարարների համար՝ 125 տոկոսի։ Հետագայում կողմերը պայմանավորվեցին առևտրային տուրքերը մայիսի 14-ից 90 օրով իջեցնել մինչև 10 տոկոս: Այսպիսով, Չինաստանը սկսեց ամերիկյան ապրանքների ներմուծման համար 10 տոկոս սակագին գանձել, իսկ ԱՄՆ-ն չինական արտադրանքից գանձում է 30 տոկոս, քանի որ շարունակում է գործել 20 տոկոս «ֆենտանիլային» տուրքը: Գարնան վերջին - ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։