ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Սպիտակի բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ըստ հայտարարության` 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ, խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում Սպիտակ քաղաքի գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից:
«Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս, անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտը)»,– ասված է հայտարարության մեջ։
Իրավապահ կառույցը նշել է, որ Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ա.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին: