Ռումինիան արտակարգ դրություն է հայտարարել Ադրբեջանից ներկրած աղտոտված նավթի պատճառով

Նավթամղման կայանը ադրբեջանական դրոշի ֆոնին. Արխիվային լուսանկար
Խոսքը հուլիսի 16-18-ը ստացված 92 հազար տոննա հում նավթի մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ արտակարգ դրություն կմտցնի Ադրբեջանից աղտոտված նավթի մատակարարման պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ։
Խոսքը հուլիսի 16-18-ը ստացված 92 հազար տոննա հում նավթի մասին է։ Հումքն օրգանական քլորիդներով աղտոտված է եղել դեռ Թուրքիայի Ջեյհան նավահանգստում բեռնման ժամանակ։ Նախարարությանը խնդրի մասին տեղեկացրել է OMV Petrom ընկերությանը, որից հետո լաբորատոր հետազոտություն է անցկացվել։
Հայտնաբերված խախտումների պատճառով Ռումինիան հրաժարվել է նմանատիպ ծավալի հաջորդ մատակարարումից։ Այսպիսով, Petrobrazi-ի գործարանում վերամշակման համար ընդհանուր առմամբ անպետք է դարձել 184 հազար տոննա նավթ։
Այդ ձեռնարկության անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է մոտ 80 հազար տոննա հում նավթ և 30 հազար տոննա դիզելային վառելիք։ Որոշվել է այդ ծավալները ժամանակավորապես լրացնել պետական պահուստների հաշվին։
Արտակարգ դրություն է հայտարարվել ռազմավարական պաշարները գործի դնելու համար։ Ռումինիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է և պահեստային վառելիքն օգտագործելու թույլտվություն ստացել։ Նախարարության տվյալներով՝ դա թույլ է տվել խուսափել վերամշակման գործարանի աշխատանքի խափանումներից և կանխել լուրջ խախտումները վառելիքի ազգային շուկայում։
Հուլիսի վերջին հաղորդագրություններ էին ստացվել ադրբեջանական նավթի արտահանման հետ կապված խնդիրների մասին։ Մի քանի միջազգային գործընկերներ հայտարարել էին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարվող հումքը օրգանական քլորիդներ է պարունակում, որոնք օգտագործվում են արդյունահանումը մեծացնելու համար։