ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու պահանջները, որոնք Արևմուտքը ներկայացնում է տարբեր երկրների, անօրինական են։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել էր, որ իր երկիրը ռուսական նավթի ներմուծման պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարձակումները համարում է անհիմն ու ոչ խելամիտ և միջոցներ կձեռնարկի իր շահերը և տնտեսական անվտանգությունը պաշտպանելու համար։
«Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսում, որոնք իրականում սպառնալիքներ են... Մենք նման հայտարարություններն օրինական չենք համարում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը սպառնալիք տեսնում է ռուսական էներգակիրների արտահանման համար։
Նա նշել է, որ ինքնիշխան երկրների նկատմամբ Արևմուտքի որոշ երկրների հայտարարություններն ու սպառնալիքները փորձ են ստիպելու այդ պետություններին դադարեցնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե տեղեկություն է ստացել, որ Հնդկաստանը մտադիր է հրաժարվել Ռուսաստանից նավթ գնելուց: Միևնույն ժամանակ հնդկական «Mint» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, օգոստոսի 2-ին հաղորդել է, որ Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները շարունակում են նավթ գնել ռուսաստանյան մատակարարներից:
Հնդկաստանն աշխարհում էներգակիրների երրորդ խոշորագույն ներկրողն է և իր սպառած նավթի ավելի քան 80%-ը գնում է միջազգային շուկաներում: Ավելի վաղ «Times of India» պարբերականը, վկայակոչելով հումքային շուկաների վերաբերյալ «Kpler» վերլուծական ընկերության տվյալները, հայտնել էր, որ Հնդկաստանը Ռուսաստանից նավթի ներմուծումը հունիսին ավելացրել է` հասցնելով 11 ամսվա կտրվածքով առավելագույն մակարդակին: Գնումների աճը տեղի է ունեցել Իսրայելի և Իրանի միջև աշխարհաքաղաքական լարվածության սրացումից հետո։