ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Եմենյան «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով հարվածել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հրթիռային ստորաբաժանումները ռազմական գործողություն են իրականացրել, որի ժամանակ օկուպացված Յաֆֆո շրջանի (Թել Ավիվի արաբական անվանումը – խմբ.) Լոդ օդանավակայանին (Բեն Գուրիոն օդանավակայանի արաբական անվանումը – խմբ.) հարված է հասցվել «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռով», – ասվում է շարժման հայտարարության մեջ:
Հութիները վերջին շրջանում հաճախակի են դարձրել Իսրայելի վրա հարձակումները այն բանից հետո, երբ ավիաընկերություններին նախազգուշացրել են, որ անհրաժեշտ է դադարեցնել թռիչքները Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիական շարժումը և ԱՄՆ-ն Օմանի սուլթանության միջնորդությամբ պայմանավորվել են կրակի և միմյանց վրա ցանկացած հարձակման դադարեցման մասին:
Մայիսի 7-ին շարժումը հայտարարել էր, որ չի խոչընդոտի օտարերկրյա նավերի անցմանը Կարմիր և Արաբական ծովերով, բացառությամբ Իսրայելի հետ կապվածների և նրանց, որոնք ուղևորվում են Իսրայելի նավահանգիստներ: